ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանի հանրապետությունում: Հույս ունեմ, որ Ձեր այցելության այս ընթացքում ավելի շատ տեղեկություններ կստանաք և ավելի լավ կիմանաք մեզ, քանի որ մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները ամբողջական պատկերացում կազմեն ՀՀ մասին», - ասել է ՀՀ նախագահը՝ հանդիպման սկզբում:
Վահագն Խաչատուրյանը հանդիպման ժամանակ նաև նշել է. «Վստահ եղեք, որ դուք գտնվում եք ժողովրդավարական երկրում, որտեղ գնահատվում են ժողովրդավարական արժեքները, որտեղ երկրի կառավարությունը, իշխանությունը, Ազգային ժողովը և պետական կառույցներն ամեն ինչ անում են, որ իսկապես մենք նոր հաջողություններ գրանցենք ժողովրդավարության ամրապնդման գործում։ Նաև վստահ եղեք, որ այս բարդ ժամանակաշրջանում, որ Հայաստանը գտնվում է, մենք նահանջ չենք ունեցել մեր բռնած ուղուց»,-նշել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով նաև Չեխիային՝ այդ գործընացում Հայաստանին աջակցելու համար:
Խաչատուրյանի խոսքով, Չեխիան աջակցել է Հայաստանին նաև ԵՄ շրջանակներում:
Իր հերթին Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան նշել է. «Մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք երկարամյա ամուր հիմք ունեն, և այստեղ ենք այդ կապերն ավելի ամրապնդելու նպատակով: Ժողովրդավարական երկիր դառնալու գործընթացը մարտահրավերներով լի է, և այս առումով մենք իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում Հայաստանում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր:





























