Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Բոռնեան երկրի ռազմական ղեկավարությանը պլան է ներկայացրել, որով պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկվում է 35-օրյա հրադադար՝ 35 իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց։ Այս մասին տեղեկացրել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Հնարավոր գործարքը կրելու է փուլային բնույթ. առաջինը նախատեսում է կանանց եւ ավագ տարիքի մարդկանց, ինչպես նաեւ հիվանդների եւ վիրավորների ազատումը։ Հրադադարը կարող է երկարացվել եւս մեկ շաբաթով՝ երկրորդ փուլում բանակցելու համար այն պատանդների ազատման մասին, որոնց մեջ կարող են մտնել քաղաքացիական պաշտպանության մասնակիցները եւ այն տղամարդիկ, որոնց ՀԱՄԱՍ-ը դիտարկում է որպես կոմբատանտներ։

Իսրայելի բանտերում պաղեստինցի բանտարկյալների թիվը, որոնք ազատ կարձակվեն եւ կհանձնվեն ՀԱՄԱՍ-ին, դեռ ճշտվում է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի իշխանությունները ցանկանում են առաջ մղել այն բանտարկյալների ազատումը, որոնք թեթեւ իրավախախտումներ են կատարել, այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ հանձնեն նրանց, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել։