Հունվարիի 31-ին Ֆինլանդիայում զանգվածային գործադուլներ են սկսվել, որոնք շարունակվելու են առնվազն երկու օր եւ ընդգրկելու են երկրի բնակիչների առօրյայի գրեթե բոլոր ոլորտները՝ օդային տրանսպորտ, պարենային խանութներ, հյուրանոցներ եւ ռեստորաններ, փոստ, բանկեր, տրանսպորտ, ինչպես նաեւ արդյունաբերություն։ Այս մասին տեղեկացրել է Yle-ը։

Մայրաքաղաքի շրջանում շատ մարդիկ ստիպված են մնալ տանը երեխաների հետ, քանի որ գործադուլին միացել են նաեւ մանկապարտեզները։ Նախադպրոցական հաստատությունների աշխատողների գործադուլն սկսվել է երեկ երեկոյան եւ շարունակվում է փետրվարի 1-ին։

Գործադուլի պատճառով չեն աշխատում շատ խանութներ, ռեստորաններ եւ հյուրանոցներ։ Փետրվարի 1-2-ին գրեթե լիովին դադարեցվելու են ավիափոխադրումները, քանի որ գործադուլի հետեւանքով ավիաընկերությունները ստիպված են չեղարկել չվերթների մեծ մասը։

Օդանավակայանների Finavia օպերատորի տվյալներով՝ կոմերցիոն ուղեւորատար եւ բեռնափոխադրումները վաղը կդադարեն գրեթե ամբողջ Ֆինլանդիայում։ Ռազմական օդանավակայանները, որոնք օգտագործում են պաշտպանության ուժերը, կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։ Finnair ավիափոխադրողը արդեն չեղարկել է 500 չվերթ։