Լոնդոնը հրաժարվել է ապօրինի ներգաղթյալներին Թուրքիա արտաքսելու մասին համաձայնագրի կնքման գաղափարից, քանի որ Թուրքիան չի համապատասխանում ընդհանուր անվտանգ պետություն կոչվելու չափանիշներին։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության փաստաթղթերում, հաղորդում է The Times-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում ապաստան հայցողների մեծամասնությունը հանրապետության ներկայիս իշխանությունների քաղաքական հակառակորդներն են, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, Քրդստանի աշխատավորական կուսակցության և Գյուլենական շարժման կողմնակիցները։
Թագավորության ներքին գործերի նախարարությունը նշել է, որ Թուրքիան չափազանց լայնորեն է կիրառում հակաահաբեկչական օրենսդրության դրույթները, ինչպես նաև կասկածներ է հայտնել երկրի դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ըստ The Times-ի, բրիտանական կառավարությունը կարող է վերադառնալ Թուրքիայի հետ գործարքին, եթե կողմերին հաջողվի առանձին համաձայնագիր կնքել, որը անհնարին կդարձնի իրենց հայրենիքում Մեծ Բրիտանիայից վտարված թուրք փախստականների հետապնդումը։
Համաձայնագրի անհրաժեշտությունն առաջացել է Թուրքիայից ապօրինի ներգաղթյալների թվի աճի ֆոնին, ովքեր փորձում են Լա Մանշի վրայով փչովի նավերով մուտք գործել Մեծ Բրիտանիա։ 2023 թվականին այս թիվը 2022 թվականի համեմատ աճել է 162 տոկոսով։
Ընդգծվել է, որ Լոնդոնը հույս ունի համաձայնագիր կնքել, որը նման կլինի Ալբանիայի հետ բրիտանական գործարքին։ Լոնդոնի և Տիրանայի միջև պայմանավորվածությունների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում ապօրինի ալբանացի ներգաղթյալների թիվը նվազել է 90%-ով։




























