ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ (Հանրապետական կուսակցությունից) Մայք Ջոնսոնը երկրի նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Իրանի հետ «խաղեր տալու» եւ պատասխան օդային հարվածների մասին «չափից շատ ազդարարելու» մեջ։

«Ցավոք, վարչակազմը սպասեց մի ամբողջ շաբաթ եւ ամբողջ աշխարհին, այդ թվում Իրանին, տեղեկացրեց մեր պատասխանի բնույթի մասին»,- նշվել է Ջոնսոնի հայտարարությունում։

Նրա խոսքով՝  «ավելորդ հրապարակային ազդանշանները խափանում են գրոհներին վճռականորեն վերջ դնելու մեր կարողությունը, որոնց մենք ենթարկվեցինք  վերջին մի քանի ամիսների ընթացքում»։

«Եկել է ժամանակը, որպեսզի նախագահ Բայդենը արթնանա եւ հասկանա, որ Իրանին հնազանդեցնելու իր քաղաքականությունը ձախողվել է։ Խաղաղությանը նպաստելու համար Ամերիկան պետք է ուժ ցուցադրի»,- ավելացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Սիրիայում եւ Իրաքում «իրանական եւ իրանամետ ուժերի» 85 օբյեկտների հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Հորդանանի ամերիկյան բազայում դրոնի գրոհի հետեւանքով զոհված ամերիկացի երեք զինծառայողների մահվան։

Սիրիային հասցված ԱՄՆ գիշերային հարվածների հետեւանքով զոհվել է Իրանի կողմից աջակցվող 18 զինյալ՝ ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տվյալների, տեղեկացրել է Al Jazeera-ն։