Կանադացի պահպանողական քաղաքական գործիչները պահանջում են, որպեսզի երկրի լիբերալ կառավարությունը Ուկրաինային հանձնի «երկինք-երկիր» դասի տասնյակ հազարավոր դուրս գրված հրթիռներ, տեղեկացրել է CBC-ն։

Ընդդիմության ղեկավար Պիեռ Պուալյեւրը այսպիսի կոչով հանդես է եկել ուրբաթ, Համայնքների պալատում, կանադա-ուկրաինական ազատ առեւտրի համաձայնագրի թարմացման առիթով։

Կանադայի Զինված ուժերը ունեն 83 303 CRV7 հրթիռներ՝ 1980-ականների զենք, որը սպառազինությունից հանվել է 2000-ականների սկզբին։

Երեք տարի առաջ Կանադայի դաշնային կառավարությունը պայմանագիր է ստորագրել մի քանի տարվա ընթացքում դրանք դուրս գրելու մասին։

Պուալյեւրը հայտնել է, որ հասկանում է, որ Ուկրաինան Կանադային խնդրել է նվիրել CRV7 հրթիռները՝ դրանք ոչնչացնելու փոխարեն։

Ուրբաթ Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունն ընդունել է, որ հրթիռները դեռ իր մոտ են, եւ դրանք դիտարկվում են որպես ռազմական նվիրատվության հնարավոր փաթեթ։

Խնդիրը, ըստ երկրի ՊՆ-ի, այն է, որ չնայած Կանադան դեռ տասնյակ հազարավոր հրթիռներ եւ դրանց շարժիչներ ունի, դրանք բոլորը չէ, որ մարտագլխիկներ ունեն։

Պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Դենիել Մինդենը հաստատել է, որ կառավարությունը դիտարկում է հրթիռները նվիրելու հնարավորությունը։