Իրաքի կառավարության ներկայացուցիչ Բասեմ Ալ-Ավադին շաբաթ օրը հերքել է երկրի տարածքի դեմ ԱՄՆ ավիահարվածների նախնական համակարգման մասին տեղեկությունը, տեղեկացրել է INA-ն։
«Ամերիկյան վարչակազմը իրականացրել է ագրեսիայի նոր ակտ Իրաքի ինքնիշխանության դեմ։ Մի քանի ամերիկյան ինքնաթիռներ ռմբակոծել են օբյեկտներ Աքաշատ եւ Ալ-Քաիմ շրջաններում, այդ թվում քաղաքացիական օբյեկտներ»,- ասել է Ալ-Ավադին։
Նրա խոսքով՝ զոհվել է 16 մարդ, ներառյալ խաղաղ բնակիչներ, 25 հոգի վիրավորվել է։
Զգալի վնաս է պատճառվել բնակելի շենքերին եւ քաղաքացիների ունեցվածքին։
«Ամերիկյան կողմը դիմել է փաստերի միտումնավոր խեղաթյուրման՝ նպատակ ունենալով մոլորության մեջ գցել միջազգային հանրային կարծիքը»,- ասել է Իրաքի կառավարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Իրաքը նորից հայտարարում է, որ թույլ չի տա իր տարածքը վերածել մարտադաշտի՝ հաշիվներ փակելու համար։ Նա ընդգծել է, որ կարեւոր է, որպեսզի ներգրավված կողմերը հասկանան, որ «երկրի հողն ու ինքնիշխանությունը չպետք է բեմ ծառայեն ուղերձների փոխանակման կամ հակառակորդների ուժի ցուցադրման համար»։
«Մենք պնդում ենք, որ միջազգային կոալիցիայի ներկայությունը, որը շեղվել է իր առջեւ դրված խնդիրներից, դարձել է անվտանգության եւ կայունության սպառնալիք Իրաքում»,- նշել է Ալ-Ավադին։





























