Ամերիկացի գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկը ճնշումների մշակույթ է ստեղծել իր ընկերների և գործընկերների շրջանում, որը խրախուսում է նրանց իր հետ թմրանյութ օգտագործել, ասվում է The Wall Street Journal-ի նոր հոդվածում:

Պարբերականը մանրամասնում է, թե ինչպես են նրա տարբեր ընկերությունների վարչությունների անդամներն ու տնօրենները մասնակցում թմրանյութերի օգտագործմանը, ինչը թույլ է տալիս նրանց մնալ միլիարդատիրոջ կողքին:

Վերջին տարիներին, երեկույթների ժամանակ Մասկին նկատել են զվարճանալու նպատակով  քթի սփրեյով կետամին  ընդունելիս և ջրի շշից հեղուկ էքստազի խմելիս, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրների, որոնք ականատես կամ տեղեկացված են եղել թմրամիջոցների օգտագործման մասին:

Համաձայն հոդվածի, Մասկի՝ Tesla և SpaceX ընկերությունների ներկայիս և նախկին տնօրեններն ու վարչությունների անդամները, որոնցից ոմանք տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են արել  կամ ունեն բաժնետոմսերի զգալի մաս, նույնպես նրա հետ թմրանյութ են օգտագործել։

Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ Tesla-ի և SpaceX-ի տնօրենների խորհուրդը կարծում է, որ Մասկը թմրանյութեր է օգտագործում, ինչպես նաև մտավախություն ունի, որ դա կարող է ազդել նրան պատկանող ակտիվների ճակատագրի վրա։

Գործարարի հնարավոր կիրքը արգելված նյութերի հանդեպ կարող է վտանգել SpaceX-ի հետ բազմամիլիոնանոց պետական ​​պայմանագրերի կնքումը։ Ձեռներեցի փաստաբան Ալեքս Սպիրոն պատմել է, որ Մասկը պարբերաբար  արյան մեջ թմրամիջոցների պարունակության ստուգումների է մասնակցում։ Նրա խոսքով՝ միլիարդատերը երբեք չի ձախողել այդ ստուգումները։

Ավելի ուշ Իլոն Մասկն անձամբ հերքել է  թմրանյութերից իր կախվածության մասին տեղեկությունը։

«Ռոգանի հետ այդ մեկ ընդունումից հետո ես համաձայնեցի ՆԱՍԱ-ի խնդրանքով 3 տարի  թմրամիջոցների առկայության պատահական ստուգումներին: Ոչ մի թմրանյութ կամ ալկոհոլ չի հայտնաբերվել, նույնիսկ հետքեր չեն եղել»,- գրել է գործարարը X-ի իր միկրոբլոգում։