ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենի գործունեության հետեւանքով կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը մինչեւ վերջինի նախագահական ժամկետի ավարտը։ Այս մասին Թրամփը հայտնել է Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։

«Շատ հնարավոր է, որ մինչեւ (Ջո Բայդենի) նախագահական ժամկետի ավարտը մենք ունենանք երրորդ համաշխարհային պատերազմ»,- ընդգծել է Թրամփը։

ԱՄՆ նախկին նախագահն ավելացրել է, որ համաշխարհային հանրույթը դադարել է հարգել Ջո Բայդենին։ Մինչ այդ Global Times չինական թերթը գրել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հայտարարությունը Ռուսաստանի եւ Չինաստանի մասին վկայում է համաշխարհային պատերազմ սկսելու դաշինքի ցանկության մասին։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Չինաստանն անվանել է ամենամեծ սպառնալիքը երկարաժամկետ հեռանկարում, իսկ Ռուսաստանը՝ ամենահրատապը դրանցից։