Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի անցակետի փակ լինելու պատճառով Մոսկվայում Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը ձեռքի ուղեբեռով անձամբ Ստամբուլով կհասցնի նախագահական ընտրություններում քվեարկած Ֆինլանդիայի քաղաքացիների քվեաթերթիկները։ Այս մասին հայտնում է Helsingin Sanomat թերթը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել է հրատարակության աղբյուրը, փետրվարի 5-ին դեսպանատան աշխատակիցներից մեկը Մոսկվայից Ստամբուլով կմեկնի Հելսինկի՝ նախնական քվեարկության քվեաթերթիկներն այնտեղ հասցնելու համար։ Ռուսաստանում Ֆինլանդիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է 43 ֆիննացի, առաջին փուլում նրանց թիվը 45 է եղել:

Ֆինլանդիայում նախագահական ընտրությունների հիմնական օրը փետրվարի 11-ն է։ Երկրորդ փուլ են անցել նախկին վարչապետ Ալեքսանդր Ստուբը և նախկին արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։