Մոտ 120 մարդ Տոկիոյում հոսպիտալացվել է ձյան պատճառով, տեղեկացրել է «Կիոդո» գոծակալությունը՝ հղում կատարելով քաղաքի հրշեջ ծառայությանը, որի  վարույթում է շտապօգնության ծառայությունը։

Վնասվածքների մեծ մասը տեղի է ունեցել մերկասառույցի պատճառով։ Տուժածները 4-92 տարեկան են։

Ձյան պատճառով Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում չեղարկվել է 31 չվերթ։ Նախկինի պես մասամբ փակ են արագընթաց ճանապարհների մի շարք տեղամասեր, առաջացել են էլեկտրական գնացքների երթեւեկության խափանումներ։

Երկուշաբթի ձյան պատճառով տագնապ է հայտարարվել  Տոկիոյի բոլոր 23 կենտրոնական շրջաններում, ինչպես նաեւ Սայտամա, Յամանասի, Նագանո, Տոտիգի, Իբարակի, Տիբա եւ Կանագավա պրեֆեկտուրաների մի շարք շրջաններում։

Տոկիոյում ձյունը սկսել է գալ երկուշաբթի օրվա երկրորդ կեսից։ Երեքշաբթի առավոտյան ձյան ծածկույթի բարձրությունը կազմել է 8 սանտիմետր։ 2022թ. փետրվարի 11-ից հետո առաջին անգամ ձյան ծածկի բարձրությունը գերազանցել է 1 սանտիմետրը։

Երկուշաբթի օրվա երկրորդ կեսից Կանտոյի շրջանում, որտեղ գտնվում է նաեւ Տոկիոն, շատ ուժեղ ձյուն է տեղում։ Փակվել է երթեւեկությունը արագընթաց շատ ճանապարհներին, ինչպես նաեւ «Ծիածանի կամուրջը»՝ Rainbow bridge-ը։ Չեղարկվել է մի քանի արագընթաց գնացքների երթեւեկությունը, գնացքների ուշացումներն արեւմտյան շրջաններում կազմում են 45 րոպե։