Իրանի դիրքորոշումը միշտ էլ հստակ է եղել՝ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների եւ փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ աշխարհում ընդունված է, որ եթե խոսում են միջանցքի մասին, դա ընկալվում է որպես շփման հնարավորություն, իսկ այս տարածաշրջանում դա բոլորովին այլ կերպ է ընկալվում։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ խաղաղության կարող է բերել խաղաղության ու բարեկամության հռետորաբանությունը։
Պատասխանելով Հայաստանի տարածքով միջանցք բացելուԱդրբեջանի փորձի դեպքում Իրանի գործողությունների մասին հարցին՝ դեսպանը նշել է, որ ինչ վերաբերում է հավանականությանը, թե ինչ կարող է լինել և ինչ չի կարող լինել, Թեհրանը չի կարող գնահատականներ տալ. «Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կվարվենք Հայաստանում, դա կախված է Հայաստանի կառավարության դիրքորոշումից»,- պարզաբանել է նա։
Մեհդի Սոբհանին հավելեց, որ եթե ՀՀ վարչապետ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչվի, ապա երկաթուղային հաղորդակցությունը նույնպես կապահովվի։
«Այս դեպքում՝ Նախիջեւանից Ջուղայով Երասխի հետ հնարավոր կլինի երկաթուղային կապ հաստատել։ Սա հնարավոր է և իրագործելի»,- եզրափակել է նա։




























