ԱՄՆ նախագահի թեկնածու Նիկի Հեյլին պաշտպանություն է խնդրել Գաղտնի ծառայությունից՝ պատճառաբանելով դա այն սպառնալիքներով, որոնք նա ստանում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում, հայտնում է CBS News-ը։
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան և այժմ հանրապետական կուսակցության միակ գլխավոր թեկնածու Հեյլին, որը դեռևս վիճարկում է Թրամփի թեկնածությունը, երկուշաբթի օրը Wall Street Journal-ին ասել է, որ իր քարոզարշավը «շատ մարտահրավերների է բախվում»:
«Դա ինձ չի խանգարի անել այն, ինչը պետք է անեմ»,- ասել է նա:
Հարավային Կարոլինայում նախընտրական միջոցառումների ժամանակ Հեյլիին ուղեկցում են անձնական թիկանապահները, ներկա են լինում նաև տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ընդ որում, անվտանգության այս կանոնները չէին գործում Այովայում և Նյու Հեմփշիրում ընտրություններից առաջ նրա նախընտրական միջոցառումների ժամանակ, շեշտում են լրատվամիջոցները։
Անցյալ շաբաթ Հեյլին լրագրողներին ասել է, որ սպառնալիքները նախագահական մրցավազքում իրողություն են և հավելել, որ այդ պատճառով ուժեղացվում է անվտանգությունը:
Հեյլին վերջերս դարձել էր «սվոտինգի» փորձի զոհ, երբ հանցագործության մասին կեղծ հաղորդում է տրվում՝ իրավապահներին կոնկրետ վայր ուղղորդելու համար: Անցյալ ամիս նա NBC-ին հայտնել էր, որ տանը չի եղել, բայց իր տարեց ծնողներն են այնտեղ եղել խնամողի հետ:
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերն արձագանքել էր Նիկի Հեյլիի թիկնապահներ ունենալու նորությանը:
«Ես իսկապես հուսով եմ, որ նրանք ավելի շատ մտածում են Նիկի Հեյլիի անվտանգության մասին, քան իմ: Ես երեք անգամ հարցում եմ ներկայացրել ու դեռ մերժում ստացել։ Հաջողություն, Նի՛կի»,- գրել է նա սոցցանցի իր էջում:





























