Բորիս Նադեժդինի շտաբը կարողացել է վերականգնել տասնյակ ստորագրություններ, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել սեփական սխալների պատճառով։ Այս մասին «Агентство» նախագծին պատմել է ինքը՝ քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ սխալ նշված հասցեների եւ անձնագրերի համարների պատճառով խոտանվել են հարյուրավոր ստորագրություններ։ Նադեժդինը կարծում է, որ ԿԸՀ-ն կարող էր սխալներ թույլ տալ նաեւ թվայնացման ժամանակ։ «Եթե կարելի է Դոնի Ռոստովը սքանավորել որպես «տան Ռոստով (Ростов-на-Дону - ростов на дому), ապա կարելի է անձնագրի համարում երեքը հինգ տեսնել, ձեռագրերը տարբեր են»,- նշել է նա։
Խոտանված ստորագրությունների մեծ մասը, նշել է Նադեժդինը, ավելի բարդ հաստատման կարիք ունի։ Այժմ շտաբը զանգահարում է այն մարդկանց, որոնց ստորագրությունները կասկած են առաջացրել ԿԸՀ-ում։ «Մենք կենտրոնացել ենք Մոսկվայի վրա, գրում ենք բոլորին եւ փորձում զանգահարել նրանց։ Կփորձենք ապացուցել, որ այդ մարդիկ իրոք կան»,- ասել է քաղաքական գործիչը։
Փետրվարի 6-ի երեկոյան թեկնածուի շտաբին հաջողվել է ստուգել 60 հազար ստորագրությունների միայն մեկ քառորդը, իսկ ստուգումն անհրաժեշտ է ավարտել փետրվարի 8-ին։ «Մենք ֆիզիկապես չենք հասցնում ստուգել ԿԸՀ-ի բոլոր նկատողությունները։ Եթե նրանք ասեն. լավ, Բորիս Բորիսովիչ, մենք քեզ հավատում ենք, մնացած ստորագրությունները չենք նայի, մենք հավատում ենք, որ դրանք նորմալ են։ Դե լավ, այդպես գրանցենք։ Եթե ոչ՝ կգնամ դատարան, ուրիշ էլ ինչ անեմ»,- նշել է Նադեժդինը։
Փետրվարի 5-ին հայտնի է դարձել, որ ԿԸՀ-ն խոտանել է նախագահի թեկնածու առաջադրվող Նադեժդինի օգտին հավաքված ստորագրությունների ավելի քան 15 տոկոսը։ Գրանցման համար անհրաժեշտ է, որպեսզի ստուգված ստորագրություններում խոտանը 5 տոկոսից ավելի չլինի։




























