Փետրվարի 7-ի առավոտյան նախազգուշական գործադուլ են սկսել Lufthansa ավիաընկերության վերերկրյա անձնակազմի անդամները, գործադուլի կոչով հանդես է եկել Verdi հանրային սպասարկման ոլորտի աշխատողների գերմանական արհմիությունը։ Գործադուլն սկսվել է տեղի ժամանակով ժամը 4.00-ին եւ տեւելու է 27 ժամ։ Ներգրավված են Բեռլինի, Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Համբուրգի եւ Դյուսելդորֆի օդանավակայանները, տեղեկացրել է DW-ն։
Գործադուլի պատճառով Lufthansa-ն չեղարկել է 1 000 չվերթների 80-90 տոկոսը։ Ավիաընկերությունում հայտնել են, որ գործադուլի հետեւանքով կտուժեն ավելի քան 100 հազար ուղեւորներ։
Verdi-ն պահանջում է 12,5 տոկոսով (բայց ոչ ավելի, քան ամսական 500 եվրոն) բարձրացնել օդանավակայանների 25 000 աշխատողների աշխատավարձը։ Արհմիությունը փորձում է հասնել նաեւ 3 000 եվրո մեկանգամյա պարգեւավճարների՝ գնաճի փոխհատուցման համար։
Փետրվարի 1-ին գերմանական 11 օդանավակայաններում տեղի էին ունեցել գործադուլներ, որոնց հետեւանքով ավելի քան հազար չվերթ չեղարկվել էր։
Մեկ օր հետո գրեթե ողջ երկրում տեղի են ունեցել քաղաքային հանրային տրանսպորտի աշխատողների գործադուլներ, որոնց մասնակցել են ավտոբուսների վարորդները, տրամվայների եւ մետրոյի վագոնավարները։ Հունվարին Deutsche Bahn-ի մեքենավարները մի քանի գործադուլ են արել, Գերմանիայում տարեսկզբից գործադուլի են դուրս եկել նաեւ շինարարներն ու բժիշկները, եւ արդեն մի քանի շաբաթ Գերմանիայի տարբեր երկրամասերում տեղի են ունենում ֆերմերների բողոքի ակցիաներ։





























