Միացյալ Նահանգները չի ձգտում սրել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ։ Այսպիսի խոսքերով է երեքշաբթի հանդես եկել Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրան խնդրել են մեկնաբանել ՄԱԿ ԱԽ-ում Մոսկվայի դիրքորոշումը, որի համաձայն՝ Վաշինգտոնը հակամարտություն է հրահրում Մերձավոր Արեւելքում։ «Ես կասեի, որ ամերիկյան զորքերի վրա ավելի քան 160 հարձակումներն են հանգեցնում լարվածության աճի տարածաշրջանում։ Մենք հակամարտության չենք ձգտում Իրանի հետ։ Մենք չենք ձգտում ավելի լայն տարածաշրջանային հակամարտության»,- հավաստիացրել է Սինգհը։ Նրա խոսքով՝ Հորդանանի եւ Սիրիայի սահմանին տեղակայված ԱՄՆ ԶՈւ-ն, որոնք գրոհի են ենթարկվել շիա կազմավորումների կողմից, իբր «աջակցում են ԻՊ ոչնչացմանը»։

Ինչպես ընդգծել է  ՊՆ ներկայացուցիչը, 2023թ. հոկտեմբերի 17-ից ԱՄՆ ԶՈւ-ի վրա տարածաշրջանում կատարվել է 168 հարձակում. 67-ն Իրաքում, 100-ը՝ Սիրիայում, 1-ը՝ Հորդանանում։ Նա նշել է, որ նոյեմբերի 19-ից Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը (հութիներ) «գրոհել կամ սպառնացել է առեւտրանավերին 41 անգամ»։