Չինաստանի իշխանությունները մտադիր են աջակցել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն իրենց մեթոդներով։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ չհաստատելով Բեռնում ուկրաինական «խաղաղության բանաձեւին» նվիրված գագաթաժողովին մասնակցելու Չինաստանի մտադրությունները։

 «Մենք յուրովի կաջակցենք խաղաղության գործընթացին, կնպաստենք [ուկրաինական] ճգնաժամի կարգավորմանը քաղաքական ճանապարհով»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով արեւմտյան լրագրողի խնդրանքին մեկնաբանել Շվեյցարիայում համաժողովին մասնակցելու Չինաստանի մտադրության հարցը։

Վան Վենբինը նշել է, որ Պեկինը կշարունակի «կառուցողական դեր» խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ Նա ընդգծել է, որ Պեկինի դիրքորոշումն այս հարցում փոփոխությունների չի ենթարկվել։

Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ հունվարի 15-ի հանդիպումից հետո հայտնել էր, որ վերջինը խնդրել է իր երկրին գագաթաժողով կազմակերպել այսպես կոչված խաղաղության ուկրաինական բանաձեւի վերաբերյալ։ Բեռնում դրական են արձագանքել այս առաջարկին։ Համադաշնության ԱԳՆ ղեկավար  Իլյացիո Կասիսը հունվարի 14-ին Դավոսի մամուլի ասուլիսում նշել է, որ խաղաղ կարգավորման բանավեճին պետք է ներգրավել Ռուսաստանին։