Երկու պայթյուն է որոտացել Պակիստանի Բելուջիստան նահանգում, փետրվարի 8-ի խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրասենյակների մոտ։ Առնվազն 27 մարդ մահացել է, ավելի քան 40 հոգի՝ վիրավորվել, նրանցից շատերը ծայրահեղ վիճակում են, տեղեկացրել է Geo TV հեռուստաալիքը։

Պայթուցիկ սարքը, որը գործել է թեկնածու Ասֆանդ Խան Կակարի գրասենյակի կողքին, խլել է 15 մարդու կյանք, ավելի քան 30 հոգի վիրավորվել է։ Ահաբեկիչների երկրորդ գործողության զոհ է դարձել 12 մարդ։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, խորհրդարանի ընտրությունների նախօրեին հաճախակիացել են բռնության դեպքերը։ Զինված հարձակման է ենթարկվել Պակիստանի ժողովրդական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Սայեդ Զուլֆիկար Ալի Շահը։ Փետրվարի 5-ին Պակիստանի հարավ-արեւմուտքում ոստիկանական տեղամասի վրա զինյալների հարձակման հետեւանքով  զոհվել է 10 ոստիկան։ Հունվարի 31-ին Հայբեր-Փահթունհվա նահանգում սպանվել է անկախ թեկնածու Ռեհան Զեբ-Խանը։ Իշխանությունների որոշմամբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անվտանգության ապահովման համար ներգրավվել են զինված ուժերը։

Փետրվարի 8-ին երկրում տեղի են ունենալու Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ)  եւ նահանգային օրենսդրական ինստիտուտների ընտրությունները։ Առավել հեռանկարային քաղաքական միավորումներն են Պակիստանի մուսուլմանական լիգան (Նավազի խմբակցություն) եւ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը։