10 մարդ մահացել է ցուցարարների, Հայիթիի ազգային ոստիկանության եւ ընդդիմության զինված կողմնակիցների բախումների հետեւանքով, ցույցերը շարունակվում են հանրապետության վարչապետ Արիել Անրիի հրաժարականի պահանջով։
Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է տեղի Gazette Haiti լրատվական պորտալը, ընդդիմության ղեկավարներից մեկի՝ Գի Ֆիլիպի առնվազն հինգ կողմնակից սպանվել է, տեղեկացվել է նաեւ նրա դեմ անհաջող մահափորձի մասին։ Երեք մարդ վիրավորվել է։
EFE գործակալության տվյալներով՝ մի մարդ մահացել է ոստիկանական տեղամասի դեմ հարձակման ժամանակ։ Երկիր մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում հարձակումներ են կատարվել կառավարության շենքի վրա։ Երկրի այլ քաղաքներում եւս կան զոհեր, լսվում են կրակահերթեր։
Հունվարի վերջին Հայիթիի խորհրդարանի Սենատի նախկին անդամ եւ 2021թ. հուլիսին սպանված նախագահ Ժովենել Մոիզի զինակից Ժան-Շառլ Մոիզը երկրի քաղաքացիներին զանգվածային բողոքների դուրս գալու կոչ է արել՝ Անրիի կառավարությունը տապալելու նպատակով։ Նա խնդրել է բնակչությանը փակել պետական հաստատությունների շենքերը, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ չխանգարել ցուցարարներին։ Նա այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ մի քանի հազար մարդ ցույցի էր դուրս եկել Անրիի դեմ։ Այն ժամանակ ցույցի կոչ էր արել Գի Ֆիլիպը, որը մասնակցել է նախագահ Ժան-Բերթրան Արիստիդին իշխանազրկելուն 2004թ.։





























