Գրող Մարիանա Ուիլյամսոնը հայտարարել է, որ որպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ դուրս է գալիս ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցապայքարից: «Ժամանակն է դադարեցնել նախագահական ընտրարշավը»,- հայտարարել է Ուիլյամսոնը՝ հավելելով, որ նախկինի պես տեսնում է «գեղեցկությունն» իր աշխատանքում և իր թիմի գործողություններում:
Նա մեկ անգամ արդեն փորձել էր Դեմոկրատական կուսակցությունից մասնակցել նախագահական ընտրություններին 2020 թվականին, սակայն դեռ մեկ ձայն անգամ չստացած դուրս էր մնացել պայքարից, հիշեցնում է DW-ն։ Չորս տարի անց՝ նախորդ ամիս Հարավային Կարոլինայում Դեմոկրատական կուսակցության առաջին նախնական ընտրություններում նա ստացավ ձայների երկու տոկոսից մի փոքր ավելին, մինչդեռ Սպիտակ տան գործող նախագահ Ջո Բայդենը հավաքեց մոտ 96 տոկոս ձայն՝ առանց նույնիսկ ընտրատեղամասում հայտնվելու:
71-ամյա գրողը հայտնի է որպես հոգեւոր գուրու։ Նա 1992 թվականին հրատարակել էր իր անդրանիկ գիրքը՝ «Վերադարձ դեպի սեր»-ը։ Ուիլյամսոնը, ընդհանուր առմամբ, հրատարակել է 11 գիրք, որոնցից չորսը դարձել են New York Times-ի բեսթսելլերներ։ Նրա նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներն էին համընդհանուր առողջության ապահովագրությունը և երեխաների խնամքի արձակուրդը:
«Մենք պարտական ենք նախագահ Բայդենին 2020 թվականին նախագահ Թրամփին հաղթելու համար, սակայն 81-ամյա ամերիկացի առաջնորդը չի կարողանում գլուխ հանել այն ամենից, ինչը հանրապետականները «մեզ վրա են թափելու 2024 թվականին»»,- նախնական ընտրություններում գործող նախագահի դեմ իր թեկնածությունն առաջադրելիս հայտարարել էր Ուիլյամսոնը։





























