Եվրամիությունը մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցրած ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի դեմ։ Այս մասին DW-ի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Ո՛չ, այս անձի հետ կապված նման առաջարկ չի ներկայացվել Եվրամիության կառույցներին, և այս մասին քննարկումներ նույնպես չեն ընթանում»,- պատասխանել է նա։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Կարլսոնը հարցազրույց է վերցրել Պուտինից, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Եվրամիությունում իբր նախատեսում են պատժամիջոցներ կիրառել նրա դեմ։ Այդ մասին, մասնավորապես, հայտնել էր Newsweek-ը, իսկ առաջարկով հանդես էր եկել բելգիացի պատգամավոր Գի Վերհոֆշտադը։ Նա «X»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Կարլսոնը «ռուսական ռեժիմի քարոզչի պիտակը ստանալու ճիշտ ճանապարհին է» և առաջարկել Եվրամիությանը դիտարկել Կարլսոնի մուտքն արգելելու տարբերակը, եթե նա թույլ տա Պուտինին «ապատեղեկատվություն տարածել»:





























