Արևմուտքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թույլ չտա, որ Ուկրաինան «պարտություն կրի ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»։ Այս մասին գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլֆը «Wall Street Journal»-ում հրապարակած հոդվածում։
«Ռուսաստանի հաղթանակը ոչ միայն կդառնա անկախ, ժողովրդավար ու ազատ Ուկրաինա պետության վախճանը, այլ նաև արմատապես կփոխի Եվրոպան և հարված կհասցնի լիբերալ աշխարհակարգին»,- գրել է Գերմանիայի կանցլերը՝ հավելելով, որ «հարևան երկրի տարածքն ուժով զավթելու Մոսկվայի փորձը կարող է օրինակ ծառայել ավտորիտար այլ առաջնորդների համար», հայտնում է BBC-ն։
Մինչ այժմ, Գերմանիայի կանցլերի կարծիքով, Պուտինը չի հասել իր ռազմական նպատակներից ոչ մեկին։
«Դա պայմանավորված է ուկրաինացի ժողովրդի հերոսական պայքարով, բայց նաև՝ Արևմուտքի ֆինանսական և ռազմական աջակցությամբ»,- հավելել է Շոլցը, որը վաղը մեկնելու է ԱՄՆ՝ հանդիպելու նախագահ Բայդենի հետ։
Չնայած Արևմուտքի աջակցությանը, Ուկրաինան շուտով կարող է սպառազինության և զինամթերքի լուրջ պակասի առջև կանգնել, քանի որ Կիևին առաջարկվող օգնության չափը բավարար չէ։
Ուկրաինայի պարտությունը կանխելու համար Շոլցը գործողությունների իր ծրագիրն է առաջարկում, որի հիմնական բաղադրիչներն են Արեւմուտքի շարունակական աջակցությունն Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի պաշտպանության ուժեղացումը։
Նա հիշեցնում է, որ փետրվարի սկզբին ԵՄ-ն Ուկրաինային 54 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնություն է հատկացրել:
«Դա պետք է լրացվի ռազմական հավելյալ օգնության միջոցով, և ես կոչ եմ արել իմ եվրոպացի գործընկերներին բյուջետային անհրաժեշտ որոշումներ ընդունել»,- գրել է Շոլցը:





























