Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարությունից։

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ փոխանցվել են մոտ 10 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ, որոնք տրամադրվելու են Խարկովի մարզի բուժկենտրոններից մեկին։

Օգնությունը «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցվել Ուկրաինայի հայերի միության միջոցով։

AnalitikaUA-ի փոխանցմամբ՝ մարդասիրական օգնությունը տեղափոխվել է Կիևի գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալ։ Ըստ աղբյուրի՝ բժշկական պարագաների տեսքով այս օգնությունը ստացվել է Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանի նախաձեռնությամբ, երբ վերջինը նման խնդրանքով դիմել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ու միության անդամները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հումանիտար օգնության նախորդ խմբաքանակն փոխանցվել էր այս տարվա փետրվարի 1-ին Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։ Անցած սեպտեմբերին Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Երեւանից մարդասիրական օգնություն էր տարել Ուկրաինա, այդ թվում՝ դպրոցականների համար նախատեսված ավելի քան 1000 սմարթֆոն, պլանշետ եւ նոութբուք։