Ուկրաինան չկարողացավ անցյալ տարի «գետնի վրա» հաջողության հասնել Ռուսաստանի դեմ պատերազմում, ուկրաինական բանակը փոփոխությունների կարիք ունի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ բացատրելով Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի պաշտոնանկության պատճառները։

«Առաջին տարին դիմացանք, սկսեցինք հետ բերել այն, ինչը մերն է, ապացուցեցինք աշխարհին, որ Ռուսաստանը կարող է պարտվել։ Պատերազմի երկրորդ տարում մենք հաղթեցինք Սև ծովում։ Մենք հաղթեցինք ձմռանը: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք վերականգնել վերհսկողությունն Ուկրաինայի երկնքում, բայց, ցավոք, չկարողացանք «գետնի վրա» հասնել մեր պետության նպատակներին»,- ասել է նա։

Զելենսկին նշել է, որ այժմ ճակատի հարավային ուղղություններում  «լճացման զգացում» է նկատվում, իսկ Դոնեցկի շրջանում մղվող մարտերում դժվարություններ կան, ինչը, Զելենսկիի խոսքով, ազդել է ուկրաինացիների ընդհանուր տրամադրվածության վրա։ Դա ազդեց ուկրաինացիների ընդհանուր տրամադրության վրա։

«Ուկրաինացիները սկսեցին ավելի հազվադեպ խոսել հաղթանակի մասին, բայց ուկրաինական ոգին չկորցրեց հավատը հաղթանակի նկատմամբ։ Ուկրաինան պահպանում է իր պատմական շանսը. դա իրականացնելը մեր պարտականությունն է։ Այս տարին պետք է դառնա Ուկրաինայինը, տարի, երբ յուրաքանչյուր ուկրաինացի զինվոր, ինչպես առաջ, կիմանա, որ ուկրաինական պետությունը, ուկրաինական բանակը ունակ են հաղթելու»,- ասել է նա:

Նախագահի խոսքով՝ ինքը Զալուժնիի հետ անկեղծորեն խոսել է բանակում «հրատապ փոփոխություններ» կատարելու անհրաժեշտության մասին։

«Խոսքը ազգանունների մասին չէ, ոչ էլ, առավել ևս, քաղաքականության։ Խոսքը մեր բանակի համակարգի, Ուկրաինայի զինված ուժերում կառավարման և այս պատերազմի մարտական հրամանատարների փորձի ներգրավման մասին է։ Յուրաքանչյուր զինվոր, սերժանտ և սպա, տեսնելով ճակատը, հասկանում է՝ ինչ որոշումներ են պետք՝ բանակի գործողությունների էապես ավելի բարձր աստիճանի տեխնոլոգիական հագեցվածություն, գեներալիտետի  վերագործարկում, բոլոր մակարդակների շտաբները պետք է իմանան և զգան ճակատը այնպես, ինչպես առաջին գծում կռվող զինվորները»,- ասել է նախագահը:

Նա ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում կռվող մարտական հրամանատարները պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց հատուկ փորձը ողջ բանակի մակարդակով, այն է՝ բանակի հրամանատարության կազմում։ Զելենսկին նշել է, որ այժմ բանակում կա մոտ մեկ միլիոն մարդ, այն դեպքում, երբ փոքրամասնությունն է իրականում կռվում առաջնագծում։

«Սա նշանակում է, որ այլ մոտեցում է պետք, մասնավորապես՝ ռոտացիաներ, մոբիլիզացիայի այլ մոտեցում»,- ասել է Զելենսկին։