ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բրընսը երեքշաբթի կմեկնի Կահիրե պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակելու համար. Կատարի կառավարությանն է հանձնվել պայմանների նոր փաթեթ, տեղեկացրել է CBS News-ն՝ հղում կատարելով հարցին ծանոթ մի քանի աղբյուրների։

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին եւս կմասնակցի բանակցություններին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակայնորեն հերքել է ՀԱՄԱՍ-ի վերջին առաջարկը՝ այն անվանելով «անհեթեթ, սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ավելի ուշ ասել է, որ պատասխանը ներառում է որոշ անկայուն կետեր, բայց եւ առաջարկում է «տարածք» հնարավոր համաձայնության համար։

Բրընսը անցած ամսվա վերջին որպես ամերիկյան պատվիրակության ղեկավար Փարիզում հանդիպել է շեյխ Մոհամեդի, ինչպես նաեւ եգիպտական հետախուզության ղեկավար Աբաս Քամելի եւ «Մոսադի» ղեկավար Դեւիդ Բարնեայի հետ, որպեսզի  մոտ 130 պատանդների ազատման առաջարկ մշակվի։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Իսրայելի ներքին անվտանգության ծառայության («Շին Բեթ») ներկայացուցիչները։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այս բոլոր մասնակիցները կհանդիպեն Կահիրեում։ ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել Բրընսի ուղեւորությունը։

Սա նրա բանակցությունների հինգերորդ փուլը կլինի։ Նա Լեհաստանում դեկտեմբերին մասնակցել է «Մոսադի» եւ Կատարի վարչապետի հետ բանակցություններին եւ նոյեմբերին երկու անգամ մեկնել է Դոհա, երբ կնքվել է առաջին եւ միակ համաձայնությունը։ Այն հանգեցրել է ավելի քան 100 պատանդի, հարյուր պաղեստինցի բանտարկյալների ազատման։

Իր վերջին առաջարկով ՀԱՄԱՍ-ը մարտական գործողությունների 45-օրյա ընդմիջումների դիմաց պատանդներին ազատելու եւ Գազայից իսրայելական զորքերը դուրս բերելու կետ էր առաջարկել։ Տեքստը հանձնվել էր Կատարի կառավարությանը Բլինքենի եւ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումից մեկ ժամ առաջ։ Երեքշաբթի օրվա համատեղ մամուլի ասուլիսում Կատարի վարչապետ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին  արձագանքը հիմնականում «դրական» էր անվանել։