Ամերիկյան Տեխաս նահանգի բնակչուհի Թիֆանի Շի Գիշին դատապարտել են 3 տարվա բանտարկության նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործը քննող դատավորին սպանել սպառնալու պատճառով, տեղեկացրել է NBC News-ը։

ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Գիշը դատապարտվել է 37 ամսվա բանտարկության՝ հետագայում երեք տարվա ազատ արձակմամբ վեահսկողության ներքո։

Նոյեմբերին Գիշը մեղավոր է ճանաչվել միջպետական հաղորդակցությունների օգտագործման մեղադրանքով, որոնք պարունակել են առեւանգման կամ մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք։

Մեկ տարի առաջ Գիշը ձերբակալվել էր Հյուսթոնում՝ կապված սպառնալիքների ձայնային հաղորդման հետ ԱՄՆ դատավոր Էյլին Քենոնի՝ Թրամփի դրածոյի համար, որը վարում է նախկին նախագահի գործը գաղտնի փաստաթղթերի հետ կապված։

Գիշը դաշնային մարշալներին խոստովանել է, որ Քենոնին հաղորդագրություններ է ուղարկել, որոնցում նրան նախազգուշացրել է, որ նախատեսում է սպանել նրան ընտանիքի աչքի առաջ։

Գաղտնի փաստաթղթերի գործը, որը վարում է Քենոնը, պետք է դիտարկվի մայիսին։

Թրամփը մեղադրվում է ազգային պաշտպանության մասին տեղեկությունը միտումնավոր պահելու մեջ՝ կապված գաղտնի փաստաթղթերի հետ, որոնք հայտնաբերվել են նրա Մար-ա-Լագոյի կալվածքում այն բանից մեկ տարի հետո, ինչ նա հեռացել է պաշտոնից, ինչպես նաեւ այն բանում, որ երկու մարդու հետ միասին պայմանավորվել է ջնջել տեսախցիկների տեսանյութերը։

Նման մեղադրանքներ են ներկայացվել Տեխասի մեկ այլ բնակչուհու անցած տարի՝ կապված ԱՄՆ օկրուգային դատավոր Տանյա Չուտկանին ուղղված սպառնալիքների հետ, որը վարում է դաշնային ընտրություններին Թրամփի միջամտության գործը։