ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ կոչ կանի Ռուսաստանին «անել այն ամենը, գրողը տանի, ինչ ուզում է», եթե նա հարձակվի ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, որը քիչ ներդրումներ է անում պաշտպանության ոլորտում, հայտնում է NBC News-ը։

Հարավային Կարոլինայում համախոհների առջև ելույթի ժամանակ Թրամփը պատմել է «մեծ երկրի» նախագահի հետ կարծիքների փոխանակման մասին, որը հարցրել է, թե, արդյո՞ք, իրենք պաշտպանված կլինեն, եթե Ռուսաստանը հարձակվի: Թրամփն ասել է,   պատասխանել է այդ երկրի ղեկավարին, որ ԱՄՆ կառավարությունը չի պաշտպանի դաշինքը, քանի դեռ նրանք չեն վճարել պաշտպանության ծախսերի իրենց արդարացի բաժինը:

«Ոչ, ես չէի պաշտպանի ձեզ։ Իրականում ես խորհուրդ կտայի նրանց՝ անել այն ամենը, գրողը տանի, ինչ ուզում են։ Դուք պետք է վճարեք: Դուք պետք է վճարեք ձեր հաշիվները»,- ասել է Թրամփը։

Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949 թվականին՝ Խորհրդային Միության դեմ հավաքական հակազդեցություն ապահովելու համար։ Համաձայնագրի առանձնահատկությունն այն է, որ ՆԱՏՕ-ի մեկ դաշնակցի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա:

Թրամփը երկար ժամանակ դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ից և վիճել անդամ պետությունների ղեկավարների հետ՝ սպառնալով դուրս բերել ԱՄՆ-ն դաշինքից, եթե անդամ երկրներն իրենց համախառն ներքին արդյունքի 2%-ը չծախսեն պաշտպանության վրա:

Անցյալ տարի հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ այդ պահին 30 անդամ երկրներից միայն 11-ն է ծախսում իր ՀՆԱ-ի 2%-ը և ավելին պաշտպանության վրա: Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության կարգավիճակ է ստացել անցյալ տարի՝ Ուկրաինայի պատերազմի հետ կապված մտահոգությունների պատճառով դիմելուց հետո: