Ֆինլանդիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Ազգային կոալիցիոն կուսակցության թեկնածու Ալեքսանդր Սթուբը։ Այս մասին տեղեկացրել է Ֆինլանդիայի արդարադատության նախարարությունը։

Նրա տվյալներով՝  ձայների հաշվարկից հետո 51,6 տոկոս ձայներով առջեւում է Սթուբը, ԱԳ նախկին նախարար Պեկա Հաավիստոն ստացել է 48,4 տոկոս։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,6 տոկոս։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհաստատվեն փետրվարի 14-ին արդարադատության նախարարության կողմից։ Կառավարությունը ընտրությունների արդյունքների մասին կհայտարարի հինգշաբթի, փետրվարի 15-ին։ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը կսկսվի մարտին, տեղեկացրել է արդարադատության նախարարությունը։

Ալեքսանդր Սթուբը ծնվել է 1968թ. ապրիլի 1-ին ֆինն-շվեդական ընտանիքում։ 2008-2010թթ. զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը Մատի Վանհանենի կառավարությունում։ 2010-2014թթ. ԵՄ գործերի եւ արտաքին առեւտրի նախարարն էր Մարի Կիվինիեմի եւ Յուրկի Կատայնենի կառավարություններում։ 2020-ից հեռացել է քաղաքականությունից եւ դասավանդել ԵՄ համալսարանի (Ֆլորենցիա) տրանսազգային վարչության դպրոցում։