ԱՄՆ աջակցությունն Իսրայելին օգնել է կանգուն մնալ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման 2023թ. հոկտեմբերի 7-ի գրոհից հետո։ Այս մասին կիրակի Դամասկոսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը պաղեստինյան դիմադրության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։

«Իսրայելական վարչակարգը ընկավ «Ալ-Աքսայի հեղեղումից» հետո, եւ եթե չլիներ ԱՄՆ լիարժեք միջամտությունը [հակամարտությանը]՝ ի աջակցություն սիոնիստական վարչակարգի եւ նրա վերածննդի ու փրկության ջանքերի, այդ կործանումը լիովին ակնհայտ կլիներ»,- նրա խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ Թելեգրամ-ալիքը։

ԱԳ ղեկավարի գնահատմամբ՝ Իսրայելը եւ ԱՄՆ-ն չեն հասել Գազայի հատվածում հայտարարված ռազմական նպատակներին եւ հիմա ստիպված են բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ։ Նախարարը կարծում է, որ հրեական պետությունը «անպայման կշարունակի պատերազմը եւ կընդլայնի մարտական գործողություններրի մաշստաբը», եթե անհրաժեշտ ռեսուրսներ ստանա։ «Արեւմտյան երկրների զգալի մասը բանակցությունների ընթացքում խոստովանում է, որ պատերազմը ելք չէ եւ անհրաժեշտ է փնտրել պաղեստինյան հարցի քաղաքական լուծում»,- շարունակել է Աբդոլահիանը։ Նրա խոսքով՝ Գազայի հետպատերազմյան վերականգնման եւ Պաղեստինի ապագա քաղաքական կարգի հարցերը պետք է լուծվեն միայն պաղեստինցիների շահերի հաշվառման հիման վրա։

Աբդոլահիանը շնորհակալություն է հայտնել Պաղեստինի ազատագրման կողմնակիցներին Լիբանանում, Եմենում, Իրաքում եւ Սիրիայում՝ վճռական աջակցության համար։ «Իսրայելական վարչակարգի ջախջախման գործում» գլխավոր դերը խաղացել են պաղեստինյան խմբավորումների համաձայնեցված գործողությունները, ավելացրել է ԱԳ նախարարը։ Նա պաշտոնական այցով փետրվարի 11-ին մեկնել է Դամասկոս։ Նախարարը բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադի հետ։