Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  փոխդեսպան, Նորին Մեծության հյուպատոս Փոլ Մորիսն այցելել է ՀՀ քննչական կոմիտե։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ ուրախալի համարելով Կոմիտեի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության միջև համագործակցությանը միտված հաղորդակցության հաստատումը։

Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստ է ինչպես դեսպանության, այնպես էլ՝ Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությանը, փորձի, տեղեկատվության փոխանակմանը, իրավապահ ոլորտում բարեփոխումներին ուղղված համատեղ նախագծերի իրականացմանը։

Պարոն Մորիսը ողջունել է համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ կարևորում է քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիքների ստեղծումը և հանցավորության դեմ պայքարի խթանումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև քննչական հարցումներին արձագանքելու օպերատիվությունը և արդյունավետությունը բարձրացնելու, քրեական վարույթների շրջանակներում Հայաստանի և Միացյալ Թագավորության քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ, ըստ անհրաժեշտության իրավասու մարմիններին հարցումներով դիմելու գործընթացի իրականացմանն առնչվող հարցեր։         

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ։