Ռուսական զորքերն օկուպացված Ուկրաինայում լայնորեն օգտագործում են Starlink տերմինալները, որոնք արտադրվել են Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության կողմից, հայտնում է ուկրաինական հետախուզությունը:
Տերմինալները Ուկրաինային էին հասցվել 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո և կենսական դեր խաղացին մարտադաշտի հաղորդակցության մեջ, հաղորդում է Ամերիկայի ձայնը: Starlink-ն ասում է, որ բիզնես չի անում Ռուսաստանի կառավարության կամ ռուս զինվորականների հետ:
«Արձանագրվել են ռուս օկուպանտների կողմից այդ սարքերի օգտագործման դեպքեր։ Այն սկսում է համակարգային բնույթ ստանալ»,- ասել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության (ԳՈՒՎ) ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։
ԳՈՒՎ-ի հայտարարության մեջ նշվում է, որ տերմինալներն օգտագործվում են ռուսական զորքերի կողմից գրավված Կլիշչևկա և Անդրեևկա քաղաքների տարածքում մարտական գործողություններ իրականացնող ստորաբաժանումների կողմից։
Այս հայտարարությունները դարձան Ուկրաինայի առաջին պաշտոնական հայտարարությունը Ռուսաստանի կողմից Starlink-ի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ:
Պետական հետախուզության վարչությունը չի նշում, թե ինչպես են տերմինալները հասել ռուսական զորքերին, արդյոք դրանք գնվել են արտասահմանում, թե գրավվել ուկրաինական զորքերից:
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր հիմնած SpaceX ընկերությունն իր տերմինալները վաճառում է Ռուսաստանին, հայտնում է Euronews-ը։
«Մի շարք կեղծ լուրեր կան, թե SpaceX-ը Starlink տերմինալներ է վաճառում Ռուսաստանին: Սա ճիշտ չէ։ Ինչքանով տեղյակ ենք, ոչ մի Starlink ուղղակի կամ անուղղակի չի վաճառվել Ռուսաստանին»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում։





























