Բրիտանացիները կարող են բախվել դժվարությունների սեւ թեյի մատակարարման հարցում՝ Կարմիր ծովում լարվածության պատճառով, որով անցնում են Միացյալ Թագավորություն այդ ապրանքի մատակարարման հիմնական երթուղիները տեղեկացրել է The Times թերթը։

Թերթը մեջբերել է Sainsbury’s սուպերմարկետների հայտարարությունը։ «Մենք բախվել ենք խնդիրների սեւ թեյի մատակարարումների հետ կապված։ Մենք ներողություն ենք խնդրում անհարմարությունների համար եւ հուսով ենք, որ լիարժեք մատակարարումը շուտով կվերսկսվի»,- նշվել է գնորդների համար հրապարակված նախազգուշացման մեջ։ Ավելի ուշ սուպերմարկետը հաստատել է, որ խոսքը ամբողջ ճյուղում խնդիրների մասին է։

The Times-ը, հղում կատարելով խոշոր ռեթեյլերներին, տեղեկացրել է, որ խոսքը ժամանակավոր խափանումների մասին է, որոնց բացասական ազդեցությունը սպառողների վրա նվազագույն կլինի։ Բայց թերթը նաեւ մեջբերել է փորձագետների կարծիքը, որոնք չեն բացառել որոշ ապրանքների գների աճը եւ անբավարարությունն առաջիկա ամիսներին։

Բրիտանիայի արտահանման եւ արտաքին առեւտրի ինստիտուտի տեղեկացմամբ՝ բրիտանական սեւ թեյի մոտ 50 տոկոսը բերվում է Քենիայից եւ Հնդկաստանից, իսկ դրա առաքման երթուղիները գերազանցապես անցնում են Կարմիր ծովով։