Վենեսուելայի կառավարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Արգենտինայի իշխանությունների հանցակցությամբ Boeing 747-300 ինքնաթիռի հափշտակման մեջ, որը պատկանում է Aerocargos del Sur (Emtrasur) տրանսպորտային ավիաընկերությանը, եւ հայտարարել է, որ օդանավը վերադարձնելու համար կդիմի բոլոր միջոցներին։ Այս մասին նշվել է Վենեսուելայի ՆԳՆ հայտարարությունում, որը երկուշաբթի տեղակայվել է այդ գերատեսչության ղեկավար Իվան Խիլ Պինտոյի X-ի էջում։
«Վենեսուելան կտրականապես հերքում է Boeing 747-300 ինքնաթիռի հանդուգն հափշտակումը, որը կատարվել է փետրվարի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջեւ կնքված գործարքի հետեւանքով»,- նշել է Վենեսուելայի ՆԳՆ-ն։
Հայտարարությունում ընդգծվել է, որ այդ երկրները «կոպտորեն խախտել են քաղաքացիական աերոնավտիկան կարգավորող բոլոր նորմերը, ինչպես նաեւ նշյալ ընկերության առեւտրային, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները՝ սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանում ավիահաղորդակցության անվտանգությունը»։ Վենեսուելան «վճռական, ուղիղ եւ չափակից պատասխան» կտա ինքնաթիռի զավթմանը եւ կօգտվի «բոլոր հասանելի միջոցներից ազգային սահմանադրության, դիվանագիտության եւ միջազգային իրավունքի շրջանակում», տեղեկացրել է Վենեսուելայի ՆԳՆ-ն։
«Վենեսուելայի պետությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի վերականգնի արդարությունը եւ հասնի ինքնաթիռի վերադարձմանն իր օրինական տիրոջը»,- ընդգծվել է ՆԳՆ հայտարարությունում։





























