Կորեայի Հանրապետությունը պատրաստ է «ջախջախիչ հարված» հասցնել Հյուսիսային Կորեայի հնարավոր սադրանքների դեպքում, որը վերջերս նոր սպառազինությունների, այդ թվում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 240 միլիմետր տրամագծով կառավարվող արկի փորձարկումներ է իրականացրել։ Այս մասին տեղեկացրել է Շտաբների պետերի հարավկորեական կոմիտեն։
«Մեր զորքերը բարձր պատրաստվածության վիճակում են եւ կարող են ցանկացած պահի ջախջախիչ պատասխան տալ Հյուսիսային Կորեայի հրետանային սադրանքներին։ Մենք մշտական մոնիթորինգ ենք իրականացնում եւ ամրացնում զսպման եւ արձագանքման մեր հնարավորությունները»,- ճեպազրույցում նշել է Շտաբների պետերի հարավկորեական կոմիտեի ներկայացուցիչ, գնդապետ Լի Սոն Չժունը։ Նա ավելացրել է, որ ռազմական գերատեսչությունը ԱՄՆ-ի հետ համատեղ իրական ժամանակի ռեժիմում հետեւել է փետրվարի 11-ին Հյուսիսային Կորեայի իրականացրած փորձարկումներին։
Փետրվարի 11-ին Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության ակադեմիան մշակել է 240 միլիմետր տրամագծով նոր կառավարվող արկ ՀԿՌՀ-ի համար։ Զինամթերքների հաջող փորձարկումներ են կատարվել դրանց հետագծի կառավարման հնարավորությունների եւ այլ պարամետրերի գնահատման համար։
Հյուսիսային Կորեան վերջին ժամանակներս ակտիվորեն նոր սպառազինություններ է ստեղծում, այդ թվում ՀԿՌՀ։ 2023թ. Կորեայի ժողովրդական բանակը ստացել է 600 միլիմետր տրամագծով ՀԿՌՀ արկեր, որոնք, ինչպես հայտարարում է Փհենյանը, կարող են օգտագործվել տակտիկական միջուկային զենքի արձակման համար։





























