Միացյալ Նահանգները մերժել է Ուկրաինայում հրադադարի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ հակամարտությունը սառեցնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք ռուսական աղբյուրների, որոնք ծանոթ են երկու կողմերի միջնորդների քննարկումներին։
Ինչպես գրում է գործակալությունը, բանակցությունների ձախողումը ցույց է տալիս, թե որքան հեռու են իրարից աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունները։
Միևնույն ժամանակ, ամերիկյան աղբյուրը հերքում է որևէ ոչ պաշտոնական շփումների մասին տեղեկությունը և նշում, որ Վաշինգտոնը չի բանակցի առանց Կիևի մասնակցության։
2023 թվականին Պուտինը հրապարակավ և մասնավոր միջնորդների միջոցով, ներառյալ Մերձավոր Արևելքում Մոսկվայի արաբ գործընկերները, Վաշինգտոնին ազդարարել է, որ պատրաստ է դիտարկել Ուկրաինայում հրադադար հաստատելու հնարավորությունը, նշում են ռուսական աղբյուրները:
Պուտինն առաջարկել է սառեցնել հակամարտությունը ներկայիս գծով և չի ցանկանում զիջել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներից որևէ մեկը, ասել են գործակալության զրուցակիցները։
«Ամերիկացիների հետ շփումները ոչ մի տեղ չեն հանգեցրել», - անանունության պայմանով Reuters-ին ասել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբի քննարկումներին ծանոթ ռուս բարձրաստիճան պաշտոնյան:
Այս շփումների մասին իմացած ռուսական երկրորդ աղբյուրը Reuters-ին ասել է, որ ամերիկացիները միջնորդների միջոցով Մոսկվային ասել են, որ չեն քննարկի հնարավոր զինադադարն առանց Ուկրաինայի մասնակցության, և այդ պատճառով էլ բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ։
Քննարկումներին ծանոթ երրորդ աղբյուրն ասել է. «Ամերիկացիների հետ ամեն ինչ ձախողվեց»:
Բանակցությունների մասշտաբների և դրանց ձախողման մասին նախկինում չի հաղորդվել, նշում է Reuters-ը։
Կրեմլը, Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և ԿՀՎ-ն հրաժարվել են մեկնաբանություններից:





























