Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Լենար Սալիմուլինին՝ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հանդեպ հետախուզում հայտարարելու հետ կապված։ Այս մասին նշվել է գերատեսչության հայտարարությունում։
«Էստոնիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին պարզաբանումների համար՝ կապված Կայա Կալասի եւ Էստոնիայի պետքարտուղար Տայմար Պետերկոպի հանդեպ քրեական հետապնդում հայտարարելու հետ»,- նշվել է X սոցցանցում մերձբալթյան հանրապետության ԱԳՆ էջում հրապարակված հաղորդագրությունում։
«Մենք տեղեկացրել ենք Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, որ այդ որոշումը չի խանգարի մեզ շարունակել ճիշտ բաներ անել Էստոնիայի եւ Ուկրաինայի համար»,- նշվել է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
Ավելի վաղ Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էր կանչել ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովին՝ կապված ՌԴ ՆԳՆ-ի կողմից լատվիացի նախարարների հանդեպ հայտարարված հետախուզման հետ։ Լիտվայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ-ին՝ կապված Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի եւ այլ քաղաքական գործիչների հանդեպ հետախուզում հայտարարելու հետ։





























