ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ֊ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին և շնորհակալություն հայտնել այցի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ միջպետական հարաբերություններում մշակութային համագործակցության կարևորությունը։
Կողմերը կարևորել են երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ մշակույթի ոլորտում փորձի փոխանակման և համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման տեսանկյունից:
Կողմերը քննարկել են նաև ներկայում շրջանառվող «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2024-2027թթ. համագործակցության մասին» գործնական ծրագրի նախագիծը և պայմանավորվել քայլեր ձեռնարկել դրա վերջնականացման և ստորագրման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության մշակութային իրավունքների ապահովման և ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերին։
ԱՄԷ կատարած այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Աբու Դաբիի «Լուվր» թանգարան։
ԿԳՄՍ նախարարը շրջայց է կատարել թանգարանում, դիտել ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպել տնօրեն Մանուել Ռաբատեի հետ։
Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության ընդլայնման, մշակութային և կրթամշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունը։
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում ներդրվող մշակութային հաստատությունների կառավարման նոր մոդելին։ Ձեռք է բերվել փոխադարձ այցեր կազմակերպելու, փորձի փոխանակման և համատեղ նախագծեր մշակելու պայմանավորվածություն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:





























