Անցած գիշեր Հնդկաստանի Դելիի թաղամասերից մեկում ներկերի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել, հայտնում է NDTV-ն։

Ըստ հրշեջների՝ հրդեհը բռնկվել է գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո, որից հետո հրդեհը տարածվել է դեպի երկու պահեստ և թմրամոլության բուժման կենտրոն։

«Հրդեհը տարածվել է հարևան տան և թմրամոլության բուժման կենտրոնի վրա։ Պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շենքը փլուզվել է, ինչի հետևանքով մահացել է 11 աշխատող։ Դիակներն ամբողջությամբ այրված են, ինչը դժվարացնում է նրանց նույնականացումը»,- ասել է Դելիի հրշեջ ծառայության տնօրեն Աթուլ Գարգը:

Նրա խոսքով, հրդեհի առաջացման ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ, անհետ կորածներին որոնելու գործողություն է իրականացվում։ Սակայն Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները կասկածում են, որ պայթյունը տեղի է ունեցել պահեստում պահեստավորված քիմիական նյութերի պատճառով և հետաքննություն են անցկացնում։