Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հաղորդագրություններն ամերիկացիներին հիշեցնում են, թե ինչն է վտանգված, և որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի ֆինանսավորել Ուկրաինային, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, հաղորդում է BBC-ն։
«Այս կրիտիկական պահին Ուկրաինային չաջակցելը չի մոռացվի»,- ասել է Բայդենը։
Նա նաև ասել է, որ նախատեսում է հարգանքի տուրք մատուցել Նավալնիին «Պուտինի իշխանության կոռուպցիայի և բռնության դեմ խիզախ դիմադրության համար»:
Սպիտակ տունը լրացուցիչ տեղեկություններ է փնտրում, որոնք կհաստատեն ռուսական պաշտոնական հաղորդագրությունները ռուսական բանտում Նավալնիի մահվան վերաբերյալ։
Կոնգրեսի հանրապետականների առաջնորդ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, որը թերահավատորեն է վերաբերվում Կիևին բազմամիլիարդանոց օգնության հատկացմանը, Նավալնիի մահվան մասին հաղորդումներից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է օգտագործեն բոլոր հասանելի միջոցները, որպեսզի «զրկեն Պուտինին Ուկրաինայում չհրահրված պատերազմը շարունակելու հնարավորությունից»։




























