Աղքատության մակարդակն Արգենտինայում հունվարին հասել է 57,4 տոկոսի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարիներին։ Այս մասին գրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի առաջատար տնտեսական համալսարաններից մեկի՝ Pontificia Universidad Católica Argentina-ի (UCA) տվյալներին։
UCA-ի հաշվետվության տվյալներով՝ պեսոյի արժեզրկումը, որն իրականացրել է նախագահ Խավիեր Միլեյը, եւ գների հետագա աճը հանգեցրել են աղքատության հետ կապված իրավիճակի վատացման։ 2023թ. վերջին աղքատության մակարդակը կազմել է 49,5 տոկոս, իսկ հունվարին հասել ռեկորդային 57,4 տոկոսի։
Հաշվետվությունում նաեւ նշվել է, որ ամբողջ երկրում առնվազն 27 մլն մարդ աղքատ է, 9 մլն մարդ ծայրահեղ կարիքի մեջ է (ընդհանուր բնակչությունը՝ 47,3 մլն մարդ)։ Միլեյի բարեփոխումները հանգեցրել են հիմնական սննդամթերքների գների աճի, ընդգծել են UCA-ում։ Գնաճը երկրում անցած տարի կազմել է 211,4 տոկոս։
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը (պաշտոնն ստանձնել է անցած տարվա դեկտեմբերին), ստորագրել է ավելի քան 300 հրամանագիր երկրի տնտեսության ազատականացման մասին։ Նա նախազգուշացրել է տնտեսական ճգնաժամից դուրս գալու «ցավի ամիսների» հաղթահարման անհրաժեշտության մասին։
Միլեյի բարեփոխումներից են պեսոյի 50 տոկոսանոց արժեզրկումը, պետական նպաստների կրճատումը էներգիայի եւ տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաեւ աշխատանքային օրենսդրության փոփոխությունները։ Օրինակ, թույլատրված է 12-ժամյա աշխատանքային օր եւ նվազեցվել են արձակուրդի եւ աշխատանքից ազատվելու փոխհատուցումները։
Արհմիությունները զայրացել են հատկապես վերջինի հետ կապված, որը բողոքներ է առաջացրել Բուենոս Այրեսի փողոցներում։ Կոնգրեսի որոշ պատգամավորներ նախագահի շոկային միջոցներն անվանել են ոչ սահմանադրական, իսկ ընդդիմությունը խոստացել է դիմակայել դրանց իրականացմանը։





























