Պապուա-Նոր Գվինեայի Էնգա կենտրոնական նահանգում միջցեղային բախումների զոհերի թիվը հասել է 64-ի։ Այս մասին տեղեկացրել է տեղի Papua New Guinea Post Courier պարբերականը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 19-ի կեսօրին մոտ աշխատակիցներին հաջողվել է գտնել 11 զոհվածի մարմին։ Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 64-ի։
Ոստիկանությունը հաստատել է, որ բախումներն Էնգեում «պայքարի շարունակությունն են ամբուլին եւ սիկին ցեղերի եւ նրանց դաշնակիցների միջեւ»։ «Զինված հակամարտությունը սկսվել է կիրակի՝ փետրվարի 18-ին, տեղի ժամանակով ժամը մոտ 16.00-ին։ Մասնակիցները կիրառել են հրազեն՝ SLR, AK-47 ինքնաձիգներ, M4, AR-15, M16 հրացաններ, ինչպես նաեւ մխոցային հրացաններ եւ ինքնաշեն հրազեն»,- նշել է ոստիկանության կոմիսարի օգնական Սամսոն Կուան։
Գերատեսչությունում նաեւ նշել են, որ զոհվածների եւ վիրավորների որոնման գործողությունը պատահարի վայրում շարունակվում է, եւ ոստիկանությունը կարծում է, որ «կհայտնաբերվեն էլի մի քանի զոհվածների մարմիններ»։ Վիրավորների թվաքանակի մասին տվյալներ ոստիկանությունն առայժմ չունի։





























