Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին անգամ այդ կարգավիճակում այցելել է Բրյուսել։ Այցի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ հանդիպումները Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում, տեղեկացրել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Վրաստան-ԵՄ Ասոցիացիայի խորհրդի 8-րդ նիստին, ինչից հետո տեղի կունենա վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի եւ հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհելի համատեղ մամուլի ասուլիսը։

Այցի ընթացքում կառավարության ղեկավարը կհանդիպի ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաեւ կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։

Վարչապետը Բրյուսել է մեկնել կառավարական պատվիրակության հետ, որի մեջ են մտել առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին եւ հաշտեցման ու քաղաքացիական հավասարության պետնախարար Թեա Ախվլեդիանին։