ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հաստատել է ռազմական ծովային առաքելությունը՝ Կարմիր ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար։
«Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ քիչ առաջ հաստատվել է Aspides ռազմածովային գործողության մեկնարկը»,- գրել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին: Նա նշել է, որ Իտալիան կստանձնի հրամանատարությունը: «Իտալիան առևտրային նավերի շահերը պաշտպանելու և Կարմիր ծովում ազատ նավարկության հարցում առաջնագծում է: Սա կարևոր քայլ է ընդհանուր եվրոպական պաշտպանության ճանապարհին»,- հավելել է իտալացի նախարարը։
Տայանին նաև հայտնել է, որ այս առաքելության պաշտպանական գործառույթը, որը կներառի գոտում տեղակայված գործող ռազմական ակտիվները, կամրապնդվի։ Մասնավորապես, զինվորականներին տրվելու է հարձակումները հետ մղելու իրավասություն, առաքելության գործառույթները դուրս կգան «բացառապես ուղեկցորդից»: Միաժամանակ, Տայանին վստահեցրել է, որ ԵՄ-ի նման առաքելությունն ուղղված չէ Իրանի դեմ և չի հարվածի Եմենի տարածքին։
Ավելի վաղ DPA գործակալությունը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնել էր, որ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցները պայմանավորվել են Կարմիր ծովում ԵՄ նոր ռազմածովային առաքելության մեկնարկի շուրջ։





























