Հարյանա նահանգի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ֆերմերների դեմ, որոնք չորեքշաբթի հայտարարել են դեպի Հնդկաստանի մայրաքաղաք երթի մասին, տեղեկացրել է NDTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆերմերների եւ ոստիկանության բախումները տեղի են ունեցել Շամբհու բնակավայրում, որը ցուցարարների հիմնական հավաքատեղին էր եւ որտեղ անցած շաբաթ արդեն բախումներ գրանցվել էին։ Ոստիկանությունը նշել է, որ ցուցարարների թիվը գերազանցել է 10 հազարը, շատ ֆերմերներ եկել են տրակտորներով, ոմանք սկսել են տեխնիկայի վրա երկաթի կտորներ եւ ճաղեր դնել, որպեսզի հետագայում գրոհեն ոստիկանության պատնեշները։ Ոստիկանությունը նշել է, որ ֆերմերները զինում են երիտասարդներին մահակներով, քարերով, արցունքաբեր գազից պաշտպանիչ դիմակներով եւ երկաթե վահաններով՝ անվտանգության ծառայության աշխատակիցների վրա հարձակվելու համար։

Ֆերմերները պահանջում են ընդունել օրենք, որը կապահովի նվազագույն գնման գին գյուղտնտապրանքների համար, որից ցածր իջնել չի կարելի, իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են գնել նվազագույն երաշխավորված գնով միայն եգիպտացորեն, բամբակ եւ ընդեղեն։ Ցուցարարները պահանջում են  միջոցը տարածել 23 հիմնական մշակաբույսերի վրա։ Նրանք նաեւ պահանջում են թոշակներ 60 տարեկանից բարձր ֆերմերների համար, հարկերի իջեցում, վարկերի չեղարկում։ Պահանջների թվում է նաեւ այն, որ Հնդկաստանը դուրս գա Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից եւ սառեցնի ազատ առեւտրի համաձայնագիրը որոշ երկրների հետ։