Այսօր նշում ենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Անցած մեկ տարին կարևոր փուլ էր առաքելության համար, որի ընթացքում լուծվել և հսկայական առաջընթաց են գրանցել մի շարք հարցեր կապված առաքելության տեղակայման վայրերի, անձնակազմի համալրման և գործունության իրավապայմանագրային հիմքի հետ։ Այս մասին Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության առաջին տարելիցի միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վստահաբար կարող եմ նշել, որ այս ընթացքում մենք կատարելագործել ենք նաև Առաքելություն-ՀՀ գերատեսչություններ համագործակցությունը, ձևավորել ենք հաղորդակցության մի շարք արդյունավետ ձևաչափեր։

Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակաշրջանում և կարևոր գործառույթ է իրականացնում դիտարկելու Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը՝ ողջ երկայնքով։ Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։ Մենք անընդունելի ենք համարում առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները և աջակցում ենք առաքելությանն իրականացնելու իր մանդատն ամբողջ ծավալով։

Այս կարևոր առաքելությունում ներդրում ունենալու համար մենք շնորհակալ ենք ԵՄ անդամ երկու տասնյակից ավել երկրներին, Բրյուսելի ղեկավարությանը և իհարկե առաքելության անձնակազմին։ Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ շուտով առաքելությունում կտեսնենք ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Մենք ողջունում ենք Կանադայի մասնակցությունն ու Նորվեգիայի պատրաստակամությունը միանալու առաքելությանը:

Միևնույն ժամանակ՝ մենք չենք ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրում ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում»: