Եվրամիությունը կչեղարկի ռուսական «AFK Sistema» ներդրումային ընկերության կառավարության հետ հարաբերությունների գծով գործադիր փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցի, ինչպես նաև սլովակ գործարար և «Գիշերային գայլեր» մոտոցիկլետների ակումբի տեղական մասնաճյուղի ղեկավար Յոզեֆ Գամբալեկի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ-ն կչեղարկի պատժամիջոցները նաև «Yandex»-ի նախկին ղեկավար Արկադի Վոլոժի նկատմամբ։ Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 15-ից, երբ Ռուսաստանի դեմ սեւ ցուցակի գործողության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հունգարիան ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեում պնդել է չեղարկել գործարար Ալիշեր Ուսմանովի և ավտոարշավորդ Նիկիտա Մազեպինի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն ԵՄ մնացած երկրները չեն համաձայնվել։





























