Չնայած Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի՝ Կատալոնիայի անկախության շարժումը կասեցնելու ջանքերին, Կատալոնիայի նախագահ Պերե Արագոնեսն ասել է, որ իր վերջնական նպատակը դեռևս այն է, որ իշխող Սոցիալիստական ​​կուսակցությունը թույլ տա ինքնորոշման հանրաքվե անցկացնել: Այս մասին նա ասել է Euractiv-ին տված հարցազրույցում։

«Մեզ ասում էին, որ համաներումը (Կատալոնիայի ղեկավարների համար) անհնար է, բայց հիմա դա հնարավոր է։ Հիմա մեզ ասում են, որ հանրաքվեն անհնար է։ Մենք քաղաքական և ընտրական ուժը ծառայեցնելու ենք այս նպատակին և, ի վերջո, դա հնարավոր դարձնելու ենք»,- ասել է Արագոնեսը:

Նրա խոսքով, եթե սոցիալիստների հետ բանակցությունները մտնեն փակուղի, ինքը պատրաստ է օգտագործել իր կուսակցության յոթ պատգամավորներին, որոնց ձայներն անհրաժեշտ են կառավարական կոալիցիային, «որպես բանակցությունները առաջ տանելու խթան»։

Արագոնեսը նշել է, որ համաներման օրենքը միայն առաջին քայլն է Մադրիդի հետ երկխոսությունը վերսկսելու համար «որպեսզի կարողանանք բացել բանակցությունների երկրորդ փուլը»։

Նա նաև ասել է, որ առաջընթացի ճանապարհը Իսպանիայի կառավարության հետ քաղաքական բանակցություններն են, «որպեսզի այս հակամարտության լուծումը ի վերջո դառնա Կատալոնիայի քաղաքացիների քվեարկության արդյունքը»։