Հայաստանում նոյեմբերի 4-11-ն ընթացող եգիպտական մշակույթի օրերի անցկացման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարի հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վանո Վարդանյանը իր գոհունակությունն է հայտնել Եգիպտոսում Հայաստանի մշակույթի օրերն անցյալ տարի բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ վստահեցրել, որ Երեւանն էլ է արել  հնարավորը, որպեսզի եգիպտական մշակույթի օրերն անցնեն հավուր պատշաճի, ինչը նաեւ մեր մայրաքաղաքների բարեկամությունն ամրապնդելու նոր խթան կհանդիսանա: Նշվել է, որ նախատեսվում են օպերային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ եւ այլ մշակութային միջոցառումներ:

Եգիպտոսի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարին ընդգծել է, որ Եգիպտոսի հայ համայնքը ծանրակշիռ դերակատարում ունի երկրի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կյանքում` հավելելով, որ ինքն անձամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ:

Հուսամ Նասսարին կիսվել է նաեւ Երեւանից ստացած իր տպավորություններով ու ընդգծել, որ բավականին տպավորված է մայրաքաղաքի քաղաքաշինական լուծումներով եւ բարեկարգման նկատելի աշխատանքներով: Հուսամ Նասսարին վստահեցրել է, որ Եգիպտոս վերադառնալուց հետո Կահիրեի քաղաքապետին կներկայացնի Երեւանի հետ համագործակցության նոր առաջարկներ` ինչպես  մշակութային, այնպես էլ քաղաքաշինության, զբոսաշրջության եւ այլ բնագավառների մասով: Հյուրը նաեւ կարծիք է հայտնել երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով քննարկել Երեւանն ու Կահիրեն քույր քաղաքներ դարձնելու հեռանկարը, ինչին փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը նույնպես դրական  է արձագանքել: