«Մերձդնեստրի մոլդավական հանրապետությունում» լարված իրավիճակի հետ կապված՝ Բեռլինը հայտարարել է, որ աջակցում է Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, տեղեկացրել է AFP-ն։
Ընդգծվել է, որ Գերմանիայի կառավարությունը նպատակ ունի «կարգավորել հակամարտությունը Մոլդովայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիման վրա»։
Մոլդովայի կառավարությունը «միշտ ընդգծել է, որ ձգտում է խաղաղ լուծել հակամարտությունը»։ Գերմանիան աջակցում է ինչպես Մոլդովայի կառավարությանը, այնպես էլ ԵԱՀԿ-ին Մոլդովայի եւ Մերձդնեստրի կառավարությունների ներկայացուցիչների միջեւ բանակցությունների հարցում։
Գերմանիայի ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանը խախտում է ՄԱԿ 2018թ. բանաձեւը՝ «զորքերը պահելով Մոլդովայի Մերձդնեստրի տարածքում»։ Ռուսաստանը պետք է «դուրս բերի դրանք», նշում են գերատեսչությունում։
Մինչ այդ ռուսամետ անջատողականները բանաձեւ էին ընդունել՝ օգնության խնդրանքով դիմելով Ռուսաստանին, նշելով, որ տարածաշրջանում ապրում է ավելի քան 220 հազար ՌԴ քաղաքացի։
Ռուսաստանը Մերձդնեստրում ապրող հայրենակիցների «շահերի պաշտպանությունն» անվանել է գերակա։
Մոլդովան չի ընդունում Տիրասպոլի քարոզչական հայտարարությունները եւ ընդգծում է, որ տարածաշրջանի համար ավելի ձեռնու է խաղաղության քաղաքականությունը։





























