Նիկարագուան Գերմանիայի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելին ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու համար։ Նիկարագուան պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել գործի քննության ընթացքում։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են դատարանում, հայցը հարուցվել է «Ցեղասպանության հանցագործության մասին նախազգուշացման և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի շրջանակներում։ Նիկարագուան նշում է, որ այս փաստաթուղթը ստորագրած բոլոր երկրները պարտավոր են «անել հնարավորը ցեղասպանությունը կանխելու համար», և որ 2023 թվականի հոկտեմբերից «Պաղեստինի ժողովրդի և հատկապես Գազայի հատվածի բնակչության նկատմամբ ցեղասպանության» ճանաչված վտանգ կա։

Այդ պատճառով, ըստ Նիկարագուայի իշխանությունների, «քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելով Իսրայելին և զրկելով ֆինանսավորումից Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի ՄԱԿ-ի գործակալությանը»՝ Գերմանիան նպաստում է «ցեղասպանության իրականացմանը կամ, առնվազն, չի կատարում ցեղասպանության կանխարգելման հարցում իր պարտավորությունները»։

Հայցում Նիկարագուան դատարանից պահանջում է ընդունել, որ Գերմանիան խախտում է կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ Այն նաև պահանջում է միջանկյալմիջոցներ ձեռնարկել, որոնք սովորաբար կիրառվում են դատարանի կողմից  իրավիճակի վատթարացումը կամ սրումը կանխելու համար: